hy  |  ru  |  en

27.11.12, ԱՐՄԵՆՊՐԵՍ, Աղաբաբյանի ցուցահանդեսի հասույթը կտրամադրվի Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնմանը

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործությունների բարեգործական ցուցահանդեսը նոյեմբերի 27-ին բացվեց Հայաստանի նկարիչների միությունում: «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող ցուցադրությունից ստացված հասույթը կտրամադրվի Օձունի Սբ.Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աղաբաբյանը նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված են իր տարբեր տարիների աշխատանքները:

«Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարեգործություն է, որտեղ ներկայացված են Հայաստան աշխարհի գրեթե բոլոր վայրերը` սկսած Արցախից մինչեւ Գյումրի»,- ասաց նա:

Աղաբաբյանը «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ բարեգործական ցուցահանդես կազմակերպելու միջոցով ցանկացել է գործնական դարձնել իր անդամակցությունը հիմնադրամին:

«Միջոցառումը բարեգործական է մեծ առումով, քանի որ հասույթը տրամադրվելու է եկեղեցու վերականգնմանը: Կարեւորը մեր սրտի ցանկություն է, մեր հոգեւոր դասը դեպի Հայ Առաքելական եկեղեցին եւ դեպի մեր Հոր տունը»,- ասաց «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազյանյանը:

ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքով` ցուցահանդեսը հարգանքի տուրք է նկարչության սարյանական դպրոցի ներկայացուցչին, դպրոցի, որի ներկայացուցիչն է Աղաբաբյանը:

«Նկարչի բուռն փոռթկումները, բարեբախտաբար, շարունակական են եւ մշակութային աշխուժություն ունեն: Բարեգործությունն առհասարակ աստվածահաճո ձեռնարկ է, ավելին` կրկնակի աստվածահաճո, երբ նվիրված է Աստծո տաճարի վերականգնմանը»,- ասաց Անանյանը:

«Քո անունը ինչ է», «Շուշի ջան», «Օձունի Սբ.Մարիամ Աստվածածին եկեղեցի» այլ խորագրերով նկարների արժեքը 1.500- 10 000 ԱՄՆ դոլարի միջակայքում է:

Օձունի վանական համալիրի Սբ. Մարիամ Աստվածածին խոնարհված եկեղեցու (6-րդ դար) վերանորոգումը ստանձնել է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը, որը ստեղծվել է ծագումով օձնեցի, ներկայում Ռուսաստանում բնակվող գործարար Մովսես Ձավարյանի նախաձեռնությամբ:

 
БЛАГОТВОРИТЕЛИ