hy  |  ru  |  en

20.08.2012, Երկիր Մեդիա, Օձունում հիմնանորոգումից առաջ մատաղ է արվել

 Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Դավիթի եւ Զարինեի պսակադության արարողությունն է: Հարսնացուն հարեւան Ծաթեր գյուղից է: Ավանդաբար Օձունի եւ հարեւան բոլոր գյուղերի պսակադրություններն այս եկեղեցում են անցնում: Օձուն անգամ Երեւանից ու այլ հեռավոր վայրերից են գալիս: Նորապսակներին ու եկեղեցի այցելողներին հիմնանորագման աշխատանքները չեն խանգարում:
"Շատ գեղեցիկ եկեղեցի է: Ուրախ եմ, որ վերականգնվում է: Հայաստանի լուսանկարները համացանցով ենք տեսել: Մեզ հատկապես շատ դուր եկան եկեղեցիներն ու որոշեցինք այստեղ այցելել: Գիտեք, ես այս եկեղեցին ակամայից սկսեցի մեր եկեղեցիների հետ համեմատել: Մեզ մոտ որմնանկարները շատ են, բայց այսպիսի գեղեցիկ հարթաքանդակներ ու բարձրաքանդակներ չկան",- ասաց զբոսաշրջիկ Նիկո Նարդելին։

Հարթաքանդակներն ու բարձրաքանդակները շուտով ավելի գեղեցիկ տեսք կունենան: Դարերի պատմություն ունեցող եկեղեցին այսօր վերականգնվում է: Սուրբ Աստվածամայրը 5-րդ դարում բազիլիկ, գերանածածկ ու կղմինդրե տանիքով եկեղեցի էր: 6-8-րդ դարերում ավելացան գմբեթներն ու սյուները, հետո նաեւ՝ երկու զանգակատները: Թովմաս առաքյալն այստեղ քահանաներ ու եպիսկոպոսներ է օծել եւ գյուղի անունն էլ հենց այստեղից է գալիս՝ Օձուն: Ավանդույթի համաձայն, նա էլ եղեղեցուն նվիրել է Քրիստոսի բարուրաշորը, որը խորանի տակ է թաղված: Մինչեւ վերջերս, սակայն, պատմական մեծ արժեք ունեցող եկեղեցին անգամ հեգեւոր հովիվ չուներ:

"Օձունի եկեղեցում սկսեցի ծառայել 2006 թվակաից: Եկեղեցում անմխիթար վիճակ էր եւ այցելուների պակաս կար, եւ տանիքիներին շուրջ 18 ծառ էր աճում: Ամբողջը խոտածածկ էր եւ տեսնում էինք, թե ինչպես այսպիսի մեծ արժեք ունեցող կառույցը փչանում է, ոչնչանում է: Սերունդների առջեւ մի օր հաշիվ տալու դժվարություն կունենայինք, եթե այսպիսի կառույցը, չքնաղ եկեղեցին չվերականգնեինք",- ասաց Օձունի եւ ենթաշրջանների հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Օձունի պատմության մեջ նշանավորված 31-րդ կաթողիկոսի անունը կրող "Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի" հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն մի քանի օր է` այստեղ նորոգման աշխատանքներ են ընթանում: Հիմնադրամը կեղեցու վերանորոգման համար անհրաժեշտ սկզբնական գումարն է տրամադրել, իսկ 320 միլիոն դրամի մյուս մասը կհավաքվի հանգանակությունների միջոցով: Հիմնադրամը ստեղծվել է Ռուսաստանում բանկվող գործարար, ծագումով Օձնեցի Մովսես Ձավարյանի նախառեձնությամբ, իսկ հոգաբարձուների խորհրդում մշակույթի հայտնի գործիչներ են ներգրավված:

"Այսօր այստեղ ենք, որովհետեւ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Սոս Սարգսյանը, վերականգնման աշխատանքների մեկնարկից հետո՝ հիմնադրի հետ խոստացել էին, որ մատաղի արարողություն պիտի լինի: Հնում մեր նախնիները, երբ որ եկեղեցի էին սկսում կառուցել, մատաղով էին սկսում, հիմա վերականգնումն ենք ավանդույթը ",- ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Վանուշ Շերմազանյանը։

Օձունի եկեղեցու ամբողջական վերականգնումը 18 ամսի կտեւի: 8 աստիճանից ցածր ցրտի դեպքում արդեն աշխատանքները կդադարեցվեն: Այսպիսի հին եկեղեցու ամեն քարի հետ շատ զգուշությամբ պետք է վարվել: Դա գիտեն նաեւ իտալացի վարպետների օգնությամբ վերապատրաստում անցած մասնագետները: Չեն օգտագործվի մետաղական ամրաններ, եկեղեցու ճեղքերի մեջ շաղախ կներարկվի: Այնպես որ "բուժումն" անվտանգ ու անցավ կլինի:

 
БЛАГОТВОРИТЕЛИ