hy  |  ru  |  en

23.04.2014 Օծվեց Օձունի եկեղեցու խաչը

 Ապրիլի 17-ին Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչները՝ փոքրից մեծ, հավաքվել էին Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում. գյուղում մեծ իրադարձություն էր՝ եկեղեցու խաչի օծումը:
Այժմ շարունակվում են եկեղեցու վերականգման աշխատանքները, որոնք սկսվել են 2011թ. և պետք է ավարտվեին այս տարի:
1983թ-ից սկսած ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ, ապրիլի 18-ը նշվում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս տարի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի առաջարկությամբ, ապրիլի 18-ը նշվում է «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո: Տոնի նախօրյակին եկեղեցու խաչի օծման արարողությունը տեղավորվում էր օրվա խորհրդի և խորագրի մեջ:
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ընդգծեց, որ Օձունի եկեղեցու վերականգնումը պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ հրաշալի օրինակ է:
Օձունի շինարարական աշխատանքներն իրականացնող «ԼևԳուկ» ընկերության տնօրեն Լևիկ Ղուկասյանը, որը մեծ թրթիռով էր հետևում խաչի օծմանը և անհամբերությամբ պատրաստվում էր այն իր համապատասխան տեղում՝ գմբեթին տեղադրելուն, նշեց, որ իր ամենամեծ ցանկությունն է, որ խաչն իր զորությամբ բոլոր երեխաներին պահապան լինի. «Երկու օր հետո կարող եք տեսնել վեղարի, գմբեթարդի և գմբեթի ամբողջ զորությունը՝ նոր խաչով հանդերձ»,- ասաց նա:
Լ. Ղուկասյանի խոսքով, վերականգման ծրագրի նախնական բյուջեն 320 միլիոն դրամ է եղել, սակայն ընթացքում գումար ավելացնելու կարիք է առաջացել. «Վերականգնումը շինարարություն չէ, որ կոնկրետ գումարով սկսես և վերջացնես, սա սահող բյուջե է: Բայց հովանավորը՝ Մովսես Ձավարյանը, մեծ սիրով, հոգածությամբ և պատրաստակամությամբ էր մոտենում խնդրին: Եթե նրա նման ամեն բարերար մի նման աշխատանք կատարի, ահագին արժեքներ կփրկենք»,- նշեց շինարարը՝ հավելելով, որ այժմ լանջերի սալարկման աշխատանքներ են ընթանում:
Մեր այն դիտարկմանը, որ հաճախ վերականգնելուց հետո պատմական շինությունները կորցնում են իրենց արժեքը, Լ. Ղուկասյանն արձագանքեց, որ նման խնդիր իրոք առկա է. «Իմ շինարարական գործունեության 35 տարիներից 15-ը իրականացնում եմ բացառապես հուշարձանների վերականգնման աշխատանքներ: Օձունի եկեղեցին շատ քիչ եկեղեցիններից է, որ կանգուն է և տեսանելի չեն նրա խոցելի մասերը: Օրինակ՝ գմբեթարդի վրա 5 ճաք կար, որ ցանկացած ցնցումից հետո կարող էր քանդվել, 19-րդ դարի վերականգման ժամանակ պատերը դատարկ էին մնացել, ծածկերի ջրահեռացման հարցը լուծված չէր: Պատմական արժեքի պահպանման հարցը ավելի շատ ուղղված է նախագծի հեղինակներին, որովհետև մենք շինարարական աշխատանքներ ենք իրականացնում միայն: Եղել են դեպքեր, իհարկե, որ նույնիսկ ընդդիմացել եմ, քանի որ վերականգնումը պետք է կատարվի այնպես, ինչպես որ կա հուշարձանը, մենք ստեղծագործելու իրավունք չունենք: Օձունի դեպքում ստեղծագործելու տեղ էլ չունենք, ինքն ընդամենը հիվանդ է, որ բուժման կարիք ունի: Մենք միայն ամրակայում ենք և վերականգնում ենք ծածկերը»,- շեշտեց նա՝ հավաստիացնելով, որ այս դեպքում նման խնդիր չի առաջանա:
Խաչը բարձրացավ վերև և գմբեթի իր բարձունքից սկսեց հսկել ինչպես գյուղի բնակիչներին, այնպես էլ շինարարության ընթացքը: Շինարարության ավարտին հույս ունենք պատմական և հոգևոր իր արժեքը պահպանած կառույցի ականատես լինել:
Խաչն ուսումնասիրող ճարտարապետների հետ զրույցից հասակացանք, որ երբեք հնարավոր չէ 100 տոկոսով վերականգնել շինությունը, բայց հիասքանչ է ստացվում, եթե հնարավորինս մոտ են մնում «բնագրին»:

 
 
 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ