hy  |  ru  |  en

31.05.2013 Օձունի տաճարը վերականգնվելու է այն տեսքով, ինչպես հասել է մեզ

 Օձունի տաճարը վերականգնվելու և ամրակայվելու է այն տեսքով, ինչպես հասել է մեզ: Ահա այսպիսի որոշում է ընդունվել Օձունի տաճարի վերականգնման նախագծի վերաբերյալ օրեր առաջ տեղի ունեցած բաց մասնագիտական քննարկման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի /ԵրՃՇՊՀ/, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ճարտարապետների միության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի, Հայ-իտալական ծրագրի վերականգնող ճարտարապետները, արվեստաբանները, ինչպես նաև «Հազարաշեն» պատմամշակութային հիմնադրամը, մշակույթի նախարարության մասնագետները, նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամները, Ճարտարապետության ազգային ինստիտուտ–թանգարանի տնօրենը, հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ: Մինչ բաց մասնագիտական քննարկումը, Օձունի տաճարի վերականգնման նախագիծը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի չորս և երկու արտագնա նիստերում, ընդ որում ներկայացված են եղել քննարկման մի քանի տարբերակներ:
Բաց քննարկման որոշումը համապատասխանում է ՀՀ մշակույթի նախարարության վերջին գիտամեթոդական խորհրդի 16.04.2013 թ. կայացած նիստի որոշմանը, այն է՝

-Վերահաստատել եկեղեցու ծածկերի իրականացման քարե ծածկասալերով տարբերակը:
-Առաջարկել նախագծի ճարտարապետ` Մ. Հակոբյանին հնարավոր սեղմ ժամկետում, կայացած որոշմանը համապատասխան լրամշակել նախագիծը և ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն` համաձայնեցման:
- Վերականգնել և ամրակայել հուշարձանը այն տեսքով, ինչպես որ հասել է մեզ:
-Ի հայտ եկած գիտական խնդիրները և նյութը պահպանել, ցուցադրել և հանրահռչակել:

Օձունի տաճարը արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն շինություն է: Աղոթասրահը երկշար մույթերով բաժանվում է երեք նավերի, որոնցից միջինը ավարտվում է կիսաշրջան գծային խորանով, իսկ եզրայինները` երկհարկ ուղղանկյուն ավանդատներով: Աղոթասրահը երեք կողմերից եզերված է արտաքին սրահով: Արտաքինից երկայնական թևերը սահմանափակված են կամարաշարերով, իսկ կենտրոնական թևը` խուլ պատով: Տաճարի թմբուկը ութանիստ է: Հարուստ է քանդակներով և վիմական արձանագրություններով: Հուշարձանը կառուցված է դեղնաշագանակագույն սրբատաշ ֆելզիտից: Տաճարի հյուսիս-արևելյան մասում կանգնեցված է իր ճարտարապետական լուծումներով եզակի կոթող-մահարձան, որն իր հորինվածքային ձևերի և պատկերաքանդակների հատկանիշներով դիտվում է որպես 5-6-րդ դդ կառույց: Տաճարը և շրջակայքում գտնվող կոթողը ավելի ուշ շրջապատվել են քարե պարսպով:

Ընդհանուր առմամբ միջամտության կարիք ունեն որմնախարիսխները և հուշարձանի ծածկերը: Անհրաժեշտ է վերականգնել 1980-ական թթ. վերջերին ապամոնտաժված և խարխլված վիճակում գտնվող արտաքին երկայնական թևերը և մուտքի հատվածը:

 
 
 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ