hy  |  ru  |  en

11.03.13, ԱՐՄԵՆՊՐԵՍ, Հնագույն եկեղեցիներից մեկի մասին պատմող «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարը մրցանակի է արժանացել

 «Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարին՝ հայկական ճարտարապետության մեծ գլուխգործոցը՝ Օձունի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, բացահայտելու, հանրամատչելի ներկայացնելու, քրիստոնեական արժեքն ու ոգին հաշված րոպեների ընթացքում հիանալիորեն փոխանցելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայկական կինոյի զարթոնք կինոկենտրոն»-ից, ֆիլմը նկարահանվել է 2012 թվականին՝ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի պատվերով: Հիմնադրամը, եկեղեցու վերականգնման հետ մեկտեղ, կարևորում է նաև այդ բացառիկ սրբավայրի վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացումը, ինչին ծառայում է այդ ֆիլմաշարը:

Խորհրդային ժամանակաշրջանում Օձունի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին համարվել է վթարային շինություն, և 1980-ականներին սկսվել են նրա հիմնանորոգման աշխատանքները: ԽՍՀՄ փլուզումից հետո աշխատանքները դադարեցվել են: 2011թ. վերջին է սկիզբ դրվել «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օձունի վերածնունդ» ծրագրին: «Օձունի վերածնունդ» ծրագիրը փլուզման վտանգից զերծ կպահի ավելի քան 1500 տարի կանգուն մնացած, երբևէ որևէ աղետից չավիրված Հայաստանի ճարտարապետական գոհարներից մեկը՝ 5-րդ դարում կառուցված Օձունի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին:

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ