hy  |  ru  |  en

Վերականգնման աշխատանքների մեկնարկ

 Հուլիսի 23-ին մեկնարկեց Օձունի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի, ՀՀ Մշակույթի նախարարության և <<Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի>> բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի համաձայն: Վերականգնման աշխատանքներն իրականացնում է <<ԼևԳուկ>> ՓԲԸ-ն. վերջինս սույն թվականի մայիսին հաղթել էր հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթում, որին մասնակցում էին ութ շինարարական կազմակերպություններ: Վերականգնման աշխատանքները նախատեսված է ավարտել 3 տարվա ընթացքում:

<<ԼևԳուկ>> ՓԲԸ-ն վերջին տաս տարիների ընթացքում ամբողջությամբ վերականգնել է հայ ճարտարապետության այնպիսի գոհարներ ինչպիսիք են` Մարմաշենի վանքային համալիրը, Դաշտադեմի ամրոցը սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետ միասին, Աշտարակի կարմրավոր եկեղեցին, ինչպես նաև մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքներ է իրականացրել Գառնու և Զվարթնոցի տաճարներում:
Օձունի սբ.Մարիամ Աստվածածին եկեղեցին 1600 տարեկան է, և այդքան տարիների ընթացաքում, ընդամենը մեկ անգամ` 1888 թ., Զաքարիա և Բաղդասար Աբովյանները, իրենց մայր Եղիսաբեթի հորդորներով, վերականգնել են եկեղեցու տանիքը և կցակառուցել երկու զանգակատուն` ի հիշատակ իրենց հոր ու վաղամեռիկ եղբոր: Երկրորդ անգամ` անցած դարի 80-ական թթ., Հուշարձանների պահպանության կոմիտեն 4 տարի շարունակ կատարել է վերականգնողական աշխատանքներ, քանդել է եկեղեցին գոտևորող հյուսիս-արևմտյան կիսափլված կամարաշարը` վերականգնելու նպատակով, տեղաշարժել եկեղեցու բակում գտնվող գերեզմանաքարերը, բայց այդպես էլ սկսած գործը ավարտին չի հասցրել: 1988-ի եկրաշարժի ժամանակ եկեղեցու երկնասլաց գմբեթը 5 վտանգավոր ճաք է ստացել, խարխլվել է հյուսիս-արևմտյան զանգակատունը. եկեղեցու վերականգնման նախագծի հեղինակ, ճարտարապետ Միշա Հակոբյանի բնութագրմամբ` Օձունի սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վիճակը գնահատվում է խիստ վթարային:
Երեք տարի հետո համաշխարհային ճարտարապետության այս եզակի գլուխգործոցը` պատմության քառուղիներում հայոց համար Աստծո տուն ու հավատքի փարոս հանդիսացող Օձունի վանքը, նորովի կհառնի եկող դարերի մեջ` հարյուրամյա վերքերից բուժված, նորից երկնասլաց, նորից հպարտ ու անհողդողդ:

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ