hy  |  ru  |  en

21.08.2012, Հայաստանի Հանրապետություն, Ուխտագնացություն դեպի Օձուն

 1920—1930—ական թվականներին, երբ Խորհրդային Միությունում բոլշեւիկյան «խաչակրաց արշավանք» սկսվեց կրոնի ու եկեղեցու դեմ, բոլշեւիկների առաջնորդներից Լոռվա ծնունդ Անաստաս Միկոյանը, որն իր մանկապատանեկան տարիներին ե՛ւ եկեղեցական ճարտարապետություն է տեսել, ե՛ւ հրաշալի հոգեւորականների, Հայաստանի իշխանություններին խորհուրդ տվեց անտերտեր մնացած եկեղեցիները պահեստներ դարձնել, որպեսզի եկեղեցիները բոլշեւիկյան դինամիտի զոհ չդառնան, ու այսպիսով ցորենը փրկեց եկեղեցական կառույցները. բոլշեւիկները ռիսկ չարեցին պայթեցնել ցորենով ամբարված եկեղեցիները։
Ու դրանով փրկվեցին շատ կոլխոզային «պահեստներ», այդ թվում՝ Լոռվա Օձուն գյուղի 6—րդ դարի կառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի վերանորոգումն սկսվել է անցած ամսվա վերջերին, իսկ անցած շաբաթ օրը «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը կազմակերպեց Երեւանի եւ Վանաձորի լրագրողների այց վանական համալիր։ Այցի նպատակը շինարարական աշխատանքներին ծանոթանալն էր եւ դրանք սկսվելու առթիվ հայկական թատրոնի եւ կինոյի վարպետ Սոս Սարգսյանի կողմից մատուցված մատաղի արարողությանը ներկա գտնվելը, որի օրհնությունը կատարեց Օձունի եւ ենթաշրջանի հոգեւոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Սիրված դերասանը, ով, ցավոք, վատառողջության պատճառով չկարողացավ ներկա գտնվել, հիշյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իսկ հիմնադրամի կազմում ընդգրկված են ճանաչված մտավորականներ։
Հիմնադրամի գործադիր տնօրեն, արձակագիր, հրապարակախոս Վանուշ Շերմազանյանը մատաղօրհնության մասնակից ուխտավորներին, հավատացյալներին ու եկեղեցու հյուրերին, որոնց թվում էր Իտալիայից այստեղ ժամանած ճանապարհորդների մի խումբ, փոխանցեց սիրված արտիստի բարեմաղթանքները։
Իսկ իտալացիները, որոնք Վրաստանից էին մտել Հայաստանի հյուսիս, մոռացան, թե մեր հարեւան երկրում ինչ են կերել, որովհետեւ այստեղ ախորժակով «ընդունելի լինի» համարեցին մատաղը, ավելացնելով, որ Հայաստանից, հնության հոյակապ հուշարձանների ու չքնաղ բնության տպավորություններից բացի, կտանեն նաեւ խոզի մսից հայկական խորովածի բուրմունքն ու հմայքը։ Մանավանդ այսպիսի նուրբ կարծիք հայտնեց ապրանքագետ Նիկոլա Նարդելին, ավելացնելով, որ եթե մեկ անգամ էլ որոշի գալ Հայաստան, ապա կհիշի նաեւ… հայկական խորովածի գրավչությունը։
Բարերար Մովսես Ձավարյանի ստեղծած հիմնադրամը, որը վերակառուցումն սկսել է ՀՀ մշակույթի նախարարության եւ Մայր Աթոռ ս. Էջմիածնի հետ համագործակցությամբ, ծրագրել է աշխատանքները կատարել մոտ երեք տարվա ընթացքում։ Նախնական հաշվարկով, վերանորոգման վրա ծախսվելու է ավելի քան 320 միլիոն դրամ։ Վերանորոգումը չի խանգարելու եկեղեցական ծառայությանը։
Վերականգնման աշխատանքներն իրականացնում է «ԼեւԳուկ» փակ բաժնետիրական ընկերությունը (գործադիր տնօրեն Լեւիկ Ղուկասյան), նախագծի հեղինակն է ճարտարապետ Միշա Հակոբյանը։
Հիմնադրամի հաջորդ առաջնային ծրագիրը 1827թ. ռուս—պարսկական պատերազմում զոհված ռուս մարտիկներին նվիրված հուշակոթողի (1834թ.) վերանորոգումն է։
Հիմնադրամի հյուրերը եղան նաեւ հարեւան Արդվի գյուղում, որտեղ իր կառուցած ս. Հովհաննես եկեղեցում ամփոփված է Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսը։ Տեր Վրթանեսը ներկայացրեց նրա կյանքը եւ հայրենանվեր գործունեությունը եւ աղոթք կարդաց գերեզմանին։

Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
 

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ