hy  |  ru  |  en

06.08.12, Hetq.am Սկսվել են Օձունի տաճարի վերականգնման աշխատանքները

Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում սկսվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (VI դ.) վերականգնումը: Նախագիծն իրականացվում է մասնավոր միջոցներով` համաձայն հուշագրի, որ ստորագրվել է Հայոց առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև: Վերականգնումը կատարում է «ԼևԳուկ» մասնագիտացված ընկերությունը, որը մայիսին ճանաչվեց մրցույթի հաղթող:
Ներկայումս Օձունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ` բարձրացվում են տախտակամածները, բերվում են շինանյութերը, հետազոտվում է հինավուրց վանքի հիմքը, ընթանում է քարատեսակների ընտրությունը, որոնցով կփոխարինվեն վնասված և հողմահարված քարերը: Որմերի վերականգնման ժամանակ կօգտագործվի ֆելզիտային տուֆը, իսկ վեղարի և լանջերի ծածկասալերի համար` կարմրավուն անդեզիտաբազալտը:
Առավել պատասխանատու աշխատանքները կկատարեն «ԼևԳուկի» փորձառու վերականգնողները, իսկ որպես քարտաշներ և բանվորական ուժ կներգրավվեն Օձունի և տարածաշրջանի գյուղերի բնակիչները: Խորհրդատվության համար կապալառու ընկերությունը կհրավիրի իտալացի ճարտարապետների և ճարտարագետների:
«Մինչև տարեվերջ նախատեսում ենք վերականգնել երկկամար կոթող-հուշարձանը և անցնել եկեղեցու գմբեթին», - տեղեկացրեց «ԼևԳուկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Լևիկ Ղուկասյանը: Ըստ նրա` բարեգործական հիմնադրամի հետ կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է վերականգնումն ավարտել 18 աշխատանքային ամիսների ընթացքում`տարեկան վեց ամիս, երբ շրջակա օդի ջերմաստիճանը կգերազանցի 8 աստիճանը: Լ.Ղուկասյանն ընդգծեց, որ Օձունի վանքի վերականգնումը կընթանա խստագույնս համապատասխան նախագծի, որը արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու հավանությանը, այնուհետև հաստատվել մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության կողմից:
Վերականգնող կազմակերպությունն այս տարի կարող էր հասցնել ավելին, եթե չլինեին շինարարկան թույլտվության ձևակերպումների հետ կապված վարչարարական քաշքշուկները, որոնց պատճառով վերականգնման աշխատանքների համար արդյունավետ հունիս և հուլիս ամիսները կորստյան մատնվեցին:
Աշխատանքների հեղինակային հսկողությունն իրականացնում է «Սերվետ» ՍՊԸ-ն` նախագծի հեղինակ, ճարտարապետ Միշա Հակոբյանի գլխավորությամբ, իսկ տեխնիկական վերահսկողությունը` «Շինսերտիֆիկատ» ընկերությունը:
Հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկի` Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը պետության, Հայ առաքելական եկեղեցու և մասնավոր ձեռներեցության համագործակցության առաջին նախադեպն է:
Տեղեկանք. «ԼևԳուկ» ՓԲԸ 1999 թվականից իրականացրել է հետևյալ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները` Մարմաշենի Կաթողիկե, Աշտարակի Կարմրավոր, Օշականի 40 Մանկանց Սուրբ Սիոն, ՈՒշիի Սուրբ Սարգիս, Կոշի Սուրբ Ստեփանոս, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես, Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցիները:

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ