hy  |  ru  |  en

Սկսվել են Օձունի տաճարի վերականգնման աշխատանքները

Երևան, 6 օգոստոսի 2012 թ. – Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում սկսվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (VI դ.) վերականգնումը, որը կատարում է «ԼևԳուկ» մասնագիտացված ընկերությունը, որը մայիսին ճանաչվեց մրցույթի հաղթող:
Ներկայումս Օձունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ` բարձրացվում են տախտակամածները, բերվում են շինանյութերը, հետազոտվում է հինավուրց վանքի հիմքը, ընթանում է քարատեսակների ընտրությունը, որոնցով կփոխարինվեն վնասված և հողմնահարված քարերը: Որմերի վերականգնման ժամանակ կօգտագործվի ֆելզիտային տուֆը, իսկ վեղարի և լանջերի ծածկասալերի համար` կարմրավուն անդեզիտաբազալտը:
Առավել պատասխանատու աշխատանքները կկատարեն «ԼևԳուկի» փորձառու վերականգնողները, իսկ որպես քարտաշներ և բանվորական ուժ կներգրավվեն Օձունի և տարածաշրջանի գյուղերի բնակիչները: Խորհրդատվության համար կապալառու ընկերությունը կհրավիրի իտալացի ճարտարապետների և ճարտարագետների:
«Մինչև տարեվերջ նախատեսում ենք վերականգնել երկկամար կոթող-հուշարձանը և անցնել եկեղեցու գմբեթին», - տեղեկացրեց «ԼևԳուկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Լևիկ Ղուկասյանը: Ըստ նրա, Բարեգործական հիմնադրամի հետ կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է վերականգնումն ավարտել 18 աշխատանքային ամիսների ընթացքում`տարեկան վեց ամիս, երբ շրջակա օդի ջերմաստիճանը կգերազանցի 8 աստիճանը: Լ.Ղուկասյանն ընդգծեց, որ Օձունի վանքի վերականգնումը կընթանա խստագույնս համապատասխան նախագծի, որը արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի և Հայ Առաքելական Եկեղեցու հավանությանը, այնուհետև հաստատվել Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության կողմից:
Վերականգնող կազմակերպությունն այս տարի կարող էր հասցնել ավելին, եթե չլինեին շինարարկան թույլտվության ձևակերպումների հետ կապված վարչարարական քաշքշուկները, որոնց պատճառով վերականգնման աշխատանքների համար արդյունավետ հունիս և հուլիս ամիսները կորստյան մատնվեցին:
Հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկի` Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը պետության և մասնավոր ձեռներեցության համագործակցության առաջին նախադեպն է:
Տեղեկանք. «ԼևԳուկ» ՓԲԸ 1999 թվականից իրականացրել է հետևյալ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները` Մարմաշենի Կաթողիկե, Աշտարակի Կարմրավոր, Օշականի 40 Մանկանց Սուրբ Սիոն, ՈՒշիի Սուրբ Սարգիս, Կոշի Սուրբ Ստեփանոս, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես, Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցիները:

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ