hy  |  ru  |  en

29.03.2012, Մեդիամաքս. Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կավարտվի 3-4 տարուց

Մեդիամաքս - http://www.mediamax.am/am/news/society/4508/

ՀՀ մշակույթի նախարարությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ "Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի” բարեգործական հիմնադրամն օրերս կնքել են համատեղ ընթացիկ հուշագիր Օձունի համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների գործընթացի համագործակցության մասին:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը Մեդիամաքս-ի թղթակցին ասել է, որ եկեղեցու վերականգնմամբ զբաղվել են դեռեւս 1980-ական թթ., սակայն այդ աշխատանքներն անավարտ են մնացել:

2010 թ-ին պետությունը վերսկսել է Օձունի եկեղեցու վերականգման աշխատանքները՝ պատվիրել է նախագիծը, իրականացրել տեղանքի երկրաբանական ուսումնասիրություն: Նախագիծը անցել է բոլոր համաձայնեցման եւ փորձաքննության փուլերը:

“Օձունի վանքը մեր պատմաճարտարապետական գոհարներից մեկն է: Սուրբ Մարիամ Աստվածածինը կանգուն եւ գործող եկեղեցի է, որի վերականգնումը չլինելով խիստ հրատապ` լուրջ միջամտության կարիք ուներ, ուրախ ենք, որ “Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի” հիմնադրամն հանդես եկավ վերականգմանն աջակցող նախաձեռնությամբ”,- ասել է ՀՀ մշակույթի փոխնախարարը:

Արեւ Սամուելյանի փոխանցմամբ, այսօր ՀՀ տարածքում հաշվառված է ավելի քան 24 հազար պատմամշակութային հուշարձան, եւ պետությունը միայնակ չի կարող զբաղվել դրանց պահպանմամբ ու վերականգմամբ:

“Պետությունն առաջնահերթ իրականացնում է հուշարձանների պահպանության, ուսումնասիրության եւ վերականգնման, ամրակայման խնդիրները: Ուրախալի է, որ անհատներ, հասարակական կառույցներ հանդես են գալիս նման նախաձեռնությամբ եւ օգնում պահպանել մշակութային ժառանգության գլուխգործոցները”,- նկատել է փոխնախարարը:

Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ եկեղեցու վերականգնման եւ բարեկարգման աշխատանքները կավարտվեն 3-4 տարուց:

Վերականգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալի մասին Արեւ Սամուելյանը գերադասեց չխոսել՝ նշելով, որ հուշարձանի վերականգնումը բավականին լուրջ եւ շարունակական ֆինանսական ներդրում է պահանջում:

 

Դոսյե

Օձունի տարածքն 1-ին դարում օծվել է որպես քրիստոնեական սրբատեղի եւ ավանդության համաձայն այդտեղից էլ ծագել է անունը՝ “Օձուն”: 6-րդ, որոշ տվյալներով նաեւ 5-րդ դարում կառուցված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մայր խորանի տակ, ավանդության համաձայն, թաղված է Հիսուս Քրիստոսի բարուրաշորը:

Պատմության մեջ հիշատակվում է, որ եկեղեցու գմբեթը նորոգվել է 19-րդ դարում: Այդ ժամանակ Օձունցի Աբովյան գերդաստանը կղմինդրե տանիքը փոխարինել է տուֆով:

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ