hy  |  ru  |  en

29.02.2012, Asekose.am. Ինչո՞ւ չի վերականգնվում Օձունի եկեղեցին

Asekose.am - http://asekose.am/2012/02/29/odzun

Դեռևս անցյալ տարի մամուլում հրապարակումներ եղան «Օձունի վերածնունդ» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի նպատակն է հայկական վաղ քրիստոնեության գոհարներից մեկի` Լոռվա մարզի Օձուն գյուղում գտնվող Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգումը: Այդ առաքելությամբ ստեղծվեց հատուկ հիմնադրամ: Վերջինս դեռևս հոկտեմբերին Օձունի վանքի վերականգնման վերաբերյալ հուշագիր ստորագրեց ՀՀ մշակույթի նախարարության հետ: Ստորագրման ժամանակ հայտարարվեց, որ նոյեմբերին կանցկացվի շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության մրցույթ, իսկ այս տարվա սկզբին կկայանա աշխատանքի մեկնարկը:

Ինչպես տեղեկացանք հիմնադրամի մամուլի ծառայությունից, առ այսօր որևէ մրցույթ չի հայտարարվել: Ծառայության աշխատակիցը չկարողացավ մեր հարցերին որևէ պատասխան տալ, և ստիպված եղանք դիմելու շահագրգիռ մյուս կողմերին:

Սկզբում դիմեցինք Մայր աթոռ Սբ. Էջմիածնի մամուլի խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանին, որը նշեց հետևյալը. «Մայր աթոռի, մշակույթի նախարարության և հիմնադրամի միջև հուշագիր է պատրաստվել, որը ստորագրելուց հետո կսկսվեն վերականգնման աշխատանքները»: Համաձայնագրի ժամկետների վերաբերյալ որևէ բան հայտնել քահանան դժվարացավ:
Հատկանշական է, որ ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը Օձունի հետ կապված խնդիրների ճշտման համար ժամանակ խնդրելուց հետո, նշեց, որ տեղյակ չէ Մայր աթոռի հետ ստորագրվելիք հուշագրի մասին, և շինարարական աշխատանքների չսկսվելը հիմնավորեց եղանակային պայմաններով, ինչն առավել մեծ շփոթության մեջ մեզ գցեց:

Վերջում զանգահարեցինք Օձունի վերականգնմամբ զբաղվող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին. Վարպետը պայմանավորեց աշխատանքների ձգձգումը Մայր աթոռի հետ տարվելիք բանակցություններով` վստահություն հայտնելով, որ մոտակա օրերին եռակողմ փաստաթղթի ստորագրումը տեղի կունենա:

 

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ