hy  |  ru  |  en

27.01.2012, Վանուշ Շերմազանյանի հարցազրույցը «Իրատես de facto» թերթին

 «Իրատես de facto» - http://www.idefacto.am/page.php?section=news_more&id=6004

«ՄԵՐ ՏԵՍԱԿԸ ՈՒՐ ԷԼ ԼԻՆՈՒՄ Է, ՉԱՍԵՄ` ՈՉՆՉԻՑ, ԲԱՅՑ ՉՆՉԻՆ ԲԱՆԻՑ ՄԵԾ ԲԱՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ»

և ոչ միայն մշակույթի մասին


«Իրատես de facto»-ի հյուրն է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, գրող, հրապարակախոս ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԸ:

«ՄԵՐ ԳԼԽԻՆ ԵԿԱԾ ՇԱՏ ԱՐՀԱՎԻՐՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԵՆՔ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ ՏԻՐՈՋԻՑ ՀԵՌԱՑԵԼ ԵՆՔ»

-Պարո՛ն Շերմազանյան, ո՞րն է վերջերս հիմնադրված «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի առաքելությունը:

-Հիմնադրամի առաքելությունը հայոց եկեղեցիներն ու պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները վերակառուցելը, վերականգնելն է: Այդպիսիք շա՜տ շատ են մեզանում, և պետությունը, ցավոք, այսօր ի վիճակի չէ դրանք իր միջոցներով պահպանելու, համապատասխան խնամք իրականացնելու դրանց նկատմամբ: Եվ այդ ծանր, բայց պատվաբեր բեռն ինչ-որ չափով իր վրա է վերցրել «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը, որի գործընկերներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

-Փաստորեն, հիմնադրամի գերխնդիրը եկեղեցիների ու մշակութային կոթողների վերականգնումն է: Կարո՞ղ են լինել բացառություններ, դիցուք, հովանավորել առանձին արվեստագետների, մտավորականների, եթե նրանց ստեղծածը նույնպես դիտվում է ազգային բարձր արժեք:

-Կարող են, բայց պայմանով, որ այդ բարձրարժեք գործերը նպաստեն մեր հիմնադրամի եկեղեցաշինական գործունեությանը: Մենք եկեղեցին, որպես կոթող, մշակութային արժեք չենք վերականգնելու, այլ որպես մեր Տիրոջ տուն: Մեր հայտնի մտավորականներից կազմված հոգաբարձուների խորհուրդը հաճախ առաջնորդվում է այն մտայնությամբ, որ մեր գլխին եկած շատ արհավիրքների ու դժբախտությունների պատճառն այն է, որ մենք մեր ներսում Տիրոջից հեռացել ենք:

-Ձեր առաջնահերթ ծրագրերում ընդգրկված է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի վերականգնումը Արմավիրի մարզում, մի հուշարձան, որը չունի հոգևոր բովանդակություն: Այս նախաձեռնությունն ինչո՞վ է առնչվում մեր Տիրոջ հետ:

-Այն, ինչ առնչվում է մեր պատմությանը, առնչվում է մեր հիմնադրամին: Իսկ հոգևոր բովանդակության առումով, վախենամ, սխալվում եք, որովհետև այդ հուշարձանը կառուցվել է 1834 թ.` ի հիշատակ Սուրբ Էջմիածնի համար 1827 թվին մղված Օշականի ճակատամարտում զոհված 1150 ռուս զինվորների: Ի դեպ, այս տարի լրանում է այդ ճակատամարտի 185-ամյակը:

«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԻ ՀԻՆ ԽԱՉՔԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ, ՔԱՆ ՎԱՂԱՆՑԻԿ ՇՈՈՒ-ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՎՐԱ ԾԱԽՍԵԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ»

-Այսօր կառուցվող եկեղեցիները մտնո՞ւմ են հոգևոր արժեքների մեջ:

-Դժվար ու ծանր հարցադրում է։ Ինձ համար Մայր տաճարից, Հռիփսիմեից, Օձունի տաճարից հետո Սանահինն է, Ախթալան, Գանձասարը, որոնք նոր խոսք են հայ ճարտարապետության մեջ, վեհ են ու շքեղ: Նրանց կառուցողները իշխանական և ազնվական ընտանիքներն են: Այսօրվա կառուցածը նոր անվանելն անիմաստ է, որովհետև ճարտարապետական գլուխգործոց լինելու դեպքում միայն այն կարող էր կոչվել «նոր», մինչդեռ, ցավոք, շարքայինից էլ ցածր է երբեմն:

-Իշխանական ու ազնվական ընտանիքների ամենացայտուն ժառանգորդը Ալեքսանդր Մանթաշյանցն էր` որպես մեծ բարերար ու բարեգործ: Կա՞ արդյոք մանթաշովյան որակների շարունակողը հայ իրականության մեջ:

-Անշուշտ կա, և նրանք շատ են տարբեր բնագավառներում ու տարբեր նախաձեռնություններով: Պարզապես այդպիսի դրսևորումները միշտ չէ, որ արդարացնում են իրենց կամ պատիվ բերում հեղինակներին: Ավելի լավ է մի հին խաչքար վերականգնել, քան վաղանցիկ շոու-համերգների վրա ծախսել միջոցները: Վերադառնալով Ձեր հարցին` պիտի խոստովանեմ, որ մեր հիմնադրամի հիմնադիր Մովսես Ձավարյանն իր ստացած կրթությամբ, ինտելեկտուալ ներուժով և իր նախաձեռնությամբ կարող է օրինակ դառնալ արտերկրում կայացած գործարար խավի համար` իրենց արմատներին վերադառնալու առումով: Պատահական չեմ համարում, որ մեր հիմնադրամի կայքէջը հենց այդպես էլ կոչվում է` «Արմատներ» (http://www.armatner.am): Համոզված եմ, որ եթե ժամանակին պետական կամ մասնավոր նման կառույց լիներ, ապա Գյուլբենկյանը և շատ այլ հայորդիներ իրենց ունեցվածքը օտար երկրներին չէին կտակի:

-Ո՞րն է մեր այսօրվա ու վաղվա ամենահրատապ խնդիրը, որ անհանգստացնում է Ձեզ` իբրև հայ մարդու, իբրև հրապարակախոսի, գրողի:

-Ցավոք, շատ երկրներ մեզ ճանաչում են միայն գենոցիդի միջոցով, մինչդեռ մենք հնամենի մշակույթ ունենք, և դա մեր ամենամեծ արժեքն է, որ ժառանգել ենք մեր նախնիներից, բայց դրանով պետք չէ միայն հպարտանալ ու գլուխ գովել այլազգիների մոտ: Օտարերկրացու համար պիտի հասանելի դարձնենք ու բարվոք, խնամված, վերականգնված տեսքով ներկայացնենք մեր հնությունները, եթե հայտարարել ենք, որ մենք նաև զբոսաշրջության երկիր ենք: Ոչ միայն պիտի խոսենք այդ մասին, այլև զօրուգիշեր պիտի գործենք, և համոզված եմ, որ այս ճանապարհով հայ մարդու ոտքը կամրանա իր հող հայրենիի վրա, ու արտագաղթն այսպիսի ցավալի չափերի չի հասնի:

«ՄԵՆՔ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ԵՆՔ, ԵՎ ՄԻՇՏ ԷԼ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ»

-Ինչո՞ւ է հիմնադրամը կոչվում Հովհաննես Օձնեցու անունով։

-Հովհաննես Օձնեցին կաթողիկոս է եղել Արաբական խալիֆայության ու Բյուզանդական կայսրության ժամանակ և կարողացել է պետության հարաբերությունները կարգավորել խալիֆայության` «ոչ քրիստոնյա պետության» հետ: Մարդը կարողացել է լեզու գտնել իշխող տերության հետ, հարկերից ազատել ժողովրդին, գլխատված նախարարների ընտանիքներն արաբական երկրներից վերադարձնել հայրենիք, վերականգնել նրանց ազնվական տիտղոսներն ու կալվածքները, իսկ ազնվականներին վերադարձնելով ազգի միտքն էր վերադառնում: Չէ՞ որ ժողովուրդն անգլուխ ամբոխ է` առանց մտավորականության. ուր քշես, կգնա: Այդպես նաև ապահովվել է երկրի կայունությունը: Մեզ համար միշտ էլ Օձնեցու ժամանակն ուսանելի է: Մենք խաչմերուկում ենք, և միշտ էլ գերտերությունների հետ խնդիրներ ունենալու ենք: Պիտի այնպես անենք, որ այս խաչմերուկը նրանք չդատարկեն: Ո՛չ պիտի նրանց կոկորդին կանգնած ոսկոր լինենք, որ խանգարենք, ո՛չ էլ այնքան քաղցր լինենք, որ մեզ կուլ տան: Մենք պիտի պարզապես կարողանանք խաչմերուկն օգտագործել որպես խաչմերուկ: Եվ իրենք պիտի «վճարեն» խաչմերուկից օգտվելու համար, ոչ թե խաչմերուկը դարձնեն ոտքի կոխան: Խաչմերուկը, որպես այդպիսին, պիտի արդիական լինի, ինչպես արդիական է եղել միշտ: Ասորիներ, հռոմեացիներ, արաբներ, բյուզանդացիներ, պարսիկներ, ռուսներ, եվրոպացիներ, ամերիկացիներ. բոլորի համար այստեղ հետաքրքրության կետ կա: Մենք այս խաչմերուկը պիտի մեզ համար շահեկանորեն օգտագործենք: Ոչ թե պիտի այս կամ այն թևում լինենք և թեքվենք այս ու այն կողմ, այլ պիտի կարողանանք պահել հավասարակշռությունը, ինչպես ժամանակին արել է Օձնեցին:

-Մենք` որպես խաչմերուկ, օտարների կողմից ընկալվում ենք զուտ իբրև ֆիզիկական տարա՞ծք, թե՞ նաև բարոյահոգեբանական, մշակութային գործոն:

-Վախենամ, որ անընդհատ ընկալվել ենք որպես ֆիզիկական տարածք: Բայց կարող ենք նաև այլ գործոն դառնալ: Աստված մեզ տվել է այդ որակները: Բնությունը չի տվել, Աստված է տվել: Մենք Աստծու ընտրյալ ազգերից ենք և պիտի դա գիտակցենք: Մեր տեսակը ուր էլ լինում է, չասեմ` ոչնչից, բայց չնչին բանից մեծ բան է ստեղծում: Մեր տեսակը հարգի է բոլոր պետություններում, բոլոր ժամանակներում: Եվ ամենազարմանալին ու զավեշտականն այն է, որ մեր լավ տեսակը իր բնօրրանում չի կայանում: Չգիտեմ, գուցե այնքան շատ ենք, որ իրար խանգարում ենք: Կամ էլ, մեր մենթալիտետին բնորոշ շատ անհատականություններ ու լիդերներ ունենք:

-Որքանո՞վ ենք մենք քրիստոնյա այսօր:

-Մեր նախնիները գիտակցաբար և Աստծո կամոք են ընդունել քրիստոնեությունը: Երբ կարդում ես մեր հոգևոր դասի, նախարարական դասի նամակը պարսից շահին, հպարտությունից խեղդվում ես` զուգահեռաբար հիշելով զապորոժցի կազակների նամակը թուրք սուլթանին (ուղղակի այն ավելի հայտնի է աշխարհին, իսկ մերը պատմության փակ էջում է): Մեր նախնիք, իսկապես, գիտակցաբար չընդունեցին ուրիշի կրոնը և կարողացան թվաքանակով մի քանի անգամ իրենց գերազանցող բանակի դեմ կռվել ու կայուն պահել իրենց դավանած կրոնը: Շատ ժամանակներ են անցել, մենք անընդհատ կուրծք ենք ծեծում, թե առաջինն ենք պետականորեն ընդունել քրիստոնեությունը, բայց դրանով հաճախ դիմացինին կա՛մ հոգնեցնում ենք, կա՛մ զզվեցնում: Չի կարելի մի բան ասել, եթե քո իրականությունն այլ բան է վկայում: Եթե դիմացինդ տեսնում է, որ դու քրիստոնյա չես, քո տեսակի կրողը չես, կուրծք ծեծելդ ոչինչ չարժե: Քրիստոնյան նախ և առաջ պիտի տեր լինի իր երկրին, կամեցող ու սատարող: Ո՞Ւր մնացին տասը պատվիրանները: Մենք լավ կապրենք այն ժամանակ, երբ կվերադառնանք մեր արմատներին, կլսենք մեր արյան կանչը:

-Այսօր շատ քննադատություններ են հնչում եկեղեցիները եվրանորոգման ենթարկելու փաստերի առնչությամբ: Ի՞նչ մոտեցմամբ է ձեր հիմնադրամը կատարելու վերականգնողական աշխատանքները, ինչպե՞ս եք խուսափելու եկեղեցաշինական ժամանակակից եվրատենդենցներից:

-Մեր հիմնական գործընկերներից մեկը` ՀՀ մշակույթի նախարարությունը, իրականացնում է նախագծային բոլոր աշխատանքները, իսկ Մայր Աթոռը` վերահսկում: Առաջնահերթ խնդիրը Օձունի եկեղեցու հիմնանորոգումն է: Եկեղեցու վերանորոգումը 3-4 տարվա տքնաջան աշխատանք է ենթադրում: Առաջին տարվա աշխատանքների համար հիմնադրամն իր հաշվին ունի համապատասխան գումար, մնացածը ակնկալվում է հավաքել հանգանակությամբ: Եկեղեցու գմբեթը հինգ ճաք ունի, շինությունը շատ մաշված է, հիմքը խարխլված: Հին եկեղեցի է, կառուցվել է 6-7-րդ դարերում: Շուտով կհայտարարվի շինարարի մրցույթ: Պիտի ցանկանամ, որ այնպիսի շինարար հաղթի մրցույթում, որ մեզ համար նրա հետ աշխատելը խնդիրներ չհարուցի: Աշխատանքները վերահսկող մարմին պիտի լինի, որի մեջ կընդգրկվեն անդամներ Մայր Աթոռից, մշակույթի նախարարությունից և հիմնադրամից: Նրանք պիտի լինեն համապատասխան մասնագետներ: Եկեղեցին վերանորոգելուց, վերափոխելուց զատ, ես կցանկանայի, որ այսօր հայ մարդը վերափոխվի, վերադառնա իր ակունքներին: Մեր փրկությունը ես դրա մեջ եմ տեսնում: Եվ հավատում եմ դրան: Աստծու կամքը կա դրա մեջ: Մարդն ինքը պիտի փորձի իր վիճակը շտկել, ոչ թե սպասի, որ Աստված, հարևան պետությունը, այս կամ այն գերտերությունն իրեն փրկեն: Ինքնահոսի չի կարելի թողնել ոչինչ:

Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ