hy  |  ru  |  en

16.01.2012, NEWS.am. Ամբողջությամբ կվերականգնվի ռուս ռազմիկներին նվիրված առաջին հուշակոթողը

NEWS.am - http://news.am/arm/news/89237.html

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը սկսել է 1827թ. Օշականի մարտում զոհված ռուս ռազմիկներին նվիրված հուշակոթողի լիակատար վերականգնման նախապատրաստումը: Ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամի ղեկավարությունը եւ Մշակույթի նախարարությունը ստորագրել են կողմերի պարտականություններն ամրագրող հուշագիր:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարությունը կպատրաստի եւ կհաստատի վերականգնման աշխատանքների նախագիծը, կանցկացնի փորձաքննություն ՀՀ օրենսդրության համապատասխան, ինչպես նաեւ կմշակի շինարարական ընկերության ընտրության մրցույթի փաստաթղթերի փաթեթը: Բարեգործական հիմնադրամը պարտավորվում է ֆինանասավորել ծրագրի իրագործումը եւ անցկացնել մրցույթներ, որոնց հաղթողներին կհանձնարարվեն վերականգնողական-շինարարական աշխատանքները, տեխնիկական եւ հեղինակային վերահսկողության իրականացումը:

«Հայաստանի տարածքում ռուս-հայկական ռազմական եղբայրության առաջին հուշակոթողի վերականգնումը «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը նվիրում է Օշականի ճակատամարտի 185-ամյակին», - ասել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Արմեն Դավթյանը:

1827 թ. օգոստոսի 17-ին Օշական գյուղի մերձակայքում տեղի է ունեցել արյունահեղ մարտ պարսից գահի ժառանգորդ Աբբաս Միրզայի բանակի եւ գեներալ Աֆանասիյ Կրասովսկիի ղեկավարությամբ ջոկատի միջեւ, որն օգնության էր շտապում պաշարված Էջմիածնի վանքին: Պարսից բանակը կազմված էր մոտ 30 հազար մարդուց, իսկ ռուսական ջոկատը` ոչ ավելի քան 3 հազար: Չնայած հակառակորդի թվական վիթխարի գերակշռությանը` ռուսական ռազմիկները, որոնց շարքերում մարտնչում էին հայ եւ վրացի կամավորները, հետ մղեցին թշնամու կատաղի հարձակումները, ճեղքեցին շրջապատման օղակը եւ հասան պաշարված Էջմիածնին: Նախաթոռ հայկական սրբությունը փրկվեց կողոպուտից եւ ավերումից, իսկ այն պաշտպանող սակավազոր գումարտակը, հոգեւորականությունը, տեղի բնակիչները եւ հարյուրավոր վիրավոր զինվորներ` ոչնչացումից: Պարսիկների կորուստը կազմում էր մոտ 3 հազար զոհ եւ վիրավոր, Կրասովսկու ջոկատը` 1150 մարդ:

1834 թ. ընկած ռուս զինվորների հիշատակին Էջմիածնի մերձակայքում ճարտարագետ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով հայոց տուֆից հուշակոթող կանգնեցվեց: Օշականի մարտը բեկումնային եղավ 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում: Սարդարապատի եւ Երեւանի ամրոցների հետագա արագ գրավումը նշանավորեց արեւելյան Հայաստանի ազատագրումը բազմադարյա պարսից լծից: Գեներալ Աֆանասիյ Կրասովսկին, որը ղեկավարում էր Օշականի ռուսական ջոկատը, ծնվել էր 1781 թ. հուվարի 21-ին Զապորոժիեի կազակների ընտանիքում, վախճանվել 1843 թ. Կիեւում: Վեց պատերազմների հերոսին հուղարկավորեցին Կիեւ-Պեչորյան մայրավանքի Աստվածածնի Ծննդյան եկեղեցու գերեզմանոցում: 

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ