hy  |  ru  |  en

23.12.2011, «Հայաստանի Հանրապետություն». Հայոց պատմությանը մեկ էջ էլ ավելացավ

hhpress.am - http://hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20111223_17&flag=am

«Օձունի վերածնունդ» ծրագիրը՝ համահայկական նշանակության գործ

Վերադարձ արմատներին կամ՝ պատմամշակութային արժեքները վերածնվում են։ Այս առաքելությանն է կոչված «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը։ Հիմնադրամի նպատակն է Հայաստանի տարածքում գտնվող պատմաճարտարապետական գլուխգործոցների վերականգնումը՝ ՀՀ մշակույթի նախարարության նախագծերով եւ վերահսկմամբ ու Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո։

«Հիմնադրամի առկայությունը կարեւոր է հենց միայն նրա համար, որ մինչեւ հիմա հուշարձանների վերականգնման գործառույթը եղել է հիմնականում պետության հոգածության ներքո։ Սա առաջին փորձն է։ Շատ լուրջ աշխատանք է արվել։ Նախարարության կողմից համապատասխան աշխատանքները կատարվել են։ Սա պետություն—մասնավոր ձեւաչափի մշակման առաջին փորձն է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար, հոգաբարձուների խորհրդի անդամ Արեւ Սամուելյանը։

Լեզվի պետական տեսչության պետ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն էլ կարծում է՝ այս ծրագիրը պետության հետ մեկտեղ այլ նախաձեռնությունների հիմք կարող է դառնալ։

Հիմնադրամի ստեղծման նախաձեռնողը Ռուսաստանում բնակվող Մովսես Ձավարյանն է։ Նա երկար տարիներ աշխատել է Հայաստանում։ 1998—1999թթ. եղել է ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ, իսկ 2002—2003թթ. ղեկավարել է «Արմենալ» գործարանը։ 2004—ից սկսած էլ գլխավորում է «Եվրատես» ՍՊԸ տնօրենների խորհուրդը։

Ձավարյանի նախաձեռնությամբ կազմավորված հիմնադրամի ղեկավար մարմինը ազգային մտավորականության 14 վառ ներկայացուցիչներից կազմված հոգաբարձուների խորհուրդն է։ Խորհրդի նախագահն էլ ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն է։

«Ես պետք է խոնարհվեմ հիմնադրամի առջեւ։ Մեր եկեղեցիները միայն ճարտարապետական արժեքներ չեն։ Դրանք դեպի Աստված բարձրացնող ճանապարհներ են։ Ամեն մի հնություն ինձ համար սրբություն է, կապն է իմ եւ իմ նախնիների»,–ասված էր Սոս Սարգսյանի ուղերձում։

Հաստատելով գործունեության օրակարգը, կառույցը հայոց պատմությանը մեկ էջ էլ ավելացրեց։ Այն առաջիկա ծրագրերում երկու գերնպատակ ունի։ «Հիմնադրամի առաջ դրված հիմնական ծրագիրը Լոռու մարզի Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգումն է։ Բայց հիմնադրամը ունին նաեւ մեկ այլ առաջնահերթ ծրագիր։ Դա 1827—1828թթ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշակոթողի վերանորոգումն է։ Այլ ծրագրեր էլ են նախատեսված, որոնք հետագայում կքննարկվեն»,–տեղեկացրեց «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Արմեն Դավթյանը։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Օձունի եկեղեցու վերականգնման ծրագիրն աննախադեպ է անվանել, քանի որ դրա իրագործման գումարը հատկացվելու է մասնավոր հիմնադրամի կողմից։

Օձունը համարվում է 1—ին դարի քրիստոնեական սրբավայր։ Ավանդության համաձայն՝ 1—ին դարում Թովմաս առաքյալը հասել է Օձուն եւ ապագա եկեղեցու տեղում օծել քահանաներին եւ եպիսկոպոսներին։ Թովմաս առաքյալն իր հետ բերել է Քրիստոսի բարուրաշորը, որը թաղված է Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու խորանի ներքո։
Եկեղեցու տեղում դեռ 4—րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ 3—րդ թագավորը կառուցել են միանավ—բազիլիկ, առանց գմբեթի մի եկեղեցի, որը 5—րդ դարում ավերվել է երկրաշարժից եւ հետո միայն՝ 6—րդ դարում կառուցվել է ներկայիս եկեղեցին։ Եկեղեցու տանիքը 19—րդ դարում դարձրել են տուֆակերտ։ 80—ականներին սկսվել են դրա վերանորոգման աշխատանքները, որոնք մնացել են անավարտ։

Անավարտ աշխատանքները վերջաբանին կհասցվեն առաջիկայում։ Այժմ հիմնադրամը սպասում է շինարարական—վերականգնողական ընկերության ընտրության մրցույթի արդյունքներին։ Հիմնադրամի ղեկավարությունը հույս է հայտնում, որ «Օձունի վերածնունդ» ծրագրի իրականացումը համահայկական նշանակության գործ կդառնա։

«Այս աշխատանքներն ինձ համար մի քանի խորհուրդ ունեն. նվիրումի խորհորդ, պատասխանատվություն հայրենիքի, ժողովրդի նկատմամբ եւ սերունդների կապի դաս։ Մենք հին պատմություն ունեցող ժողովուրդ ենք։ Հնության հիմնական դասը զարգացումն է։ Իսկ մեր պատմությունը զարգանալու լուրջ հիմքեր է տալիս մեզ։ Այս նախաձեռնությունը նաեւ այդ խնդիրն է լուծում»,–վստահեցերց Հայ—ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը։

Հիմնադրամը նյութական աջակցություն է ցույց տալիս նաեւ Ստեփանակերտում Վաչագան Բարեպաշտի արձանի տեղադրմանը, իսկ հիմնադրամի նախաձեռնողն անհատապես ներգրավված է մի շարք այլ բարեգործական ծրագրերում՝ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը եւ Տաթեւի վանքի վերականգնումը, Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու աթոռանիստ տաճարի կառուցումը, Հայ—ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողներին կրթաթոշակների տրամադրումը, Ալավերդու թիվ 5 հիմնական դպրոցի հովանավորությունը։

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ