23.12.2011, NEWS.am. «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը կվերանորոգի Օձունի վանական համալիրըNEWS.am - http://news.am/arm/news/87140.html Օձունի վանական համալիրի Սբ. Մարիամ Աստվածածին խոնարհված եկեղեցու (6-րդ դար) վերանորոգումը ստանձնել է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը, որը ստեղծվել է ծագումով օձնեցի, ներկայում Ռուսաստանում բնակվող գործարար Մովսես Ձավարյանի նախաձեռնությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Մելքումյանը: Նրա խոսքով` Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցին կհիմնանորոգվի 3-4 տարում, սակայն. «Թեեւ պարոն Ձավարյանի պաշտոնապես հայտարարել է, որ եկեղեցու նորոգման համար կտրամադրվի այնքան գումար, որքան կպահանջվի, սակայն բացվել են հաշվեհամարներ, եւ եկեղեցու նորոգմանը մասնակցել ցանկացողերը կարող են գումար հանգանակել: Կարեւոր չէ գումարի չափը, կարեւոր է, որ ժողովուրդը մասնակից լինի 1500-ամյա եկեղեցու նորոգմանն ու վերականգնմանը, եւ եւ խոնարհված եկեղեցու վերականգնումը դառնա համաժողովրդական»: Մելքումյանը տեղեկացրեց, որ Մշակույթի նախարարությունը կոթողի վերականգնման ծրագրի շրջանակներում, 2010 թ. պետբյուջեով արդեն իսկ հաստատել է եկեղեցու վերանորօգման նախագիծը: Ի դեպ, ըստ Մելքումյանի, հիմնադրամն իր գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը մտադիր է տեղադրել հիմնադրամի պաշտոնական կայքէջում` www.armatner.am: Ի դեպ, ըստ Մելքումյանի, դեռ 4-րդ դարում եկեղեցու տեղում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ 3-րդ թագավորը կառուցել են միանավ-բազիլիկ, առանց գմբեթի մի եկեղեցի, որը 5-րդ դարում քանդվել է երկրաշարժից եւ միայն հետո` 6-րդ դարում է կառուցվել ներկայիս եկեղեցին: Սբ. Մարիամ Աստվածացին եկեղեցում պահպանվել են 4-րդ դարի 20-ից ավելի համաշխարհային արժեք հանդիսացող քանդակներ: 6-րդ դարի կառույց Օձունի եկեղեցու կղմինդրե խարխուլ տանիքը 19-րդ դարում վերանորոգել է Աբովյան գերդաստանը` փոխելով տուֆից տանիքի, դրանից հետո եկեղեցին չի նորոգվել: Դեռ խորհրդային տարիներին եկեղեցին դասվել է վթարային շինությունների շարքին եւ 1980-ականներին սկսել են հիմնանորոգման աշխատանքները: Այս նպատակով քանդվել են հյուսիսային կամարաշարի երեք սյուները, ամրացման համար բացվել են հիմքեր, խախտվել է եկեղեցու բակում տեղադրված գերեզմանաքարերի 30 տոկոսն, սակայն շինարարությունը կիսատ է մնացել: Մամուլի պատասխանատուի խոսքով` հիմնադրամը չի սահմանափակվելու Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին կյանքի կոչելով: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Մովսես Ձավարյանը 2011թ. դեկտեմբերի 21-ին նոր հուշագիր են ստորագրել: Հուշագրով սահմանվում են Վաղարշապատի տարածքում գտնվող 1827թ. Ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս մարտիկներին նվիրված` 1833-1834թթ. կառուցված հուշակոթողի վերականգնման ընթացքում համագործակցության դրույթները:Մշակույթի նախարարությունը պարտավորվել է կազմել վերականգնման նախագիծ, իսկ հիմնադրամը ստանձնել է հուշակոթողի նորոգման ու բարեկարգման ֆինանսական ապահովումը:1827թ. օգոստոսի 17-ին Օշականի մատույցներում տեղի ունեցած ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է: Այն տեղի է ունեցել պարսիկ գահաժառանգ Աբբաս-Միրզայի զորքի եւ ռուսական զորային ջոկատի միջեւ` գեներալ Աֆանասի Կրասովսկու հրամանատարությամբ: Ռուսներն օգնության էին շտապում շրջապատված Սբ. Էջմիածին: Նշենք, որ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011թ. ապրիլի 26-ին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը, քանդակագործ, ՀՀ ժողովդրական նկարիչ Արտաշես Հովսեփյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիխ Մամյանը, դաշնակահար, ՀՀ ժողովրդկան արտիստ Սվետլանա Նավասարդյանը, գեներալ-լեյտենանտ, ԼՂՀ ազգային հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը, բանաստեղծ. Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, կինոռեժիսեր, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը, ճարտարապետ, ՀՀ մշակույցի փոխնախարար Արեւ Սամուելյանը, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր, Սլավոնական պետական համալսրանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ճարտարապետական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը, շինարար, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Արմեն Դավթյանը. հիդրոշինարար, «Լոռիի ջրանցք» ՓԲԸ տնօրեն Սամվել Ապրեսյանը եւ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:
|