hy  |  ru  |  en

Տեղի ունեցավ Armatner.am կայքի շնորհանդեսը (տեսանյութ)

Համաշխարհային ցանցում` www.armatner.am հասցեով սկսել է գործել «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի կայքը: Համացանցն ավելացել է եռալեզու տեղեկատվության աղբյուրով հիմնադրամի ծրագրերի մասին, որոնցից առանցքայինն է հայկական հնադարյան գլուխգործոցներից մեկի` Օձունի Սուրբ Մարիամ եկեղեցու վերածնունդը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Օձունի եկեղեցու վերականգնման ծրագիրն աննախադեպ է անվանել, քանի որ դրա իրագործման գումարը հատկացվելու է մասնավոր հիմնադրամի կողմից:

Նոր կազմակերպության նպատակներն ու խնդիրները արտացոլված են կայքում տեղադրված կանոնադրության մեջ: «Փաստաթղթեր» բաժնում հրապարակվելու են հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները, գործընկերների հետ կնքված հուշագրերն ու համաձայնագրերը, իսկ «Հաշվեհամարներ»-ը հասցեագրված են նրանց, ովքեր պատրաստակամություն կհայտնեն նյութապես սատարել Օձունի եկեղեցու վերականգմանը: Այսօր արդեն կայքում տեղադրված բարերարների ցանկում տասից ավելի Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների անուններ կան:

Կայքի «Մամուլի կենտրոն» բաժնում առանձնահատուկ հետաքրքրության են արժանի վավերագրական ֆիլմերը Օձուն գյուղի և այնտեղ գտնվող սրբատեղիի վերաբերյալ, վերջինիս խորանի ներքո, ըստ ավանդության, թաղված է Հիսուս Քրիստոսի բարուրաշորը:

Առաջիկայում www.armatner.am կայքի հիմնական բովանդակությունը կդառնա Օձունի եկեղեցու վերականգնումն իրականացնող շինարարական կազմակերպությունն ընտրելու մրցույթի մասին տեղեկատվությունը, ինչից հետո փուլ առ փուլ տեղեկություններ կտրամադրվեն բուն աշխատանքների վերաբերյալ, որոնք կտևեն մոտ 3 տարի: «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները` ի դեմս Հայաստանի մտավորականության կարկառուն դեմքերի, կպատմեն կայքի այցելուներին հայ ժողովրդի կյանքում Օձունի եկեղեցու ունեցած դերի մասին:

«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի հիմնադիրների ողջույնի խոսքում ասվում է. «Մենք մեծ հույս ենք տածում ազգաբնակչության լայն շրջանակների կողմից մեր նախաձեռնությանը բազմակողմանիորեն աջակցելու առումով և համոզմունք հայտնում, որ այս նախագծի բարեհաջող ավարտը կոգեշնչի մեզ` ձեռնարկելու նոր քայլեր մոռացված այլ հուշարձանների վերականգնման ուղղությամբ»:

Նախատեսվում է, որ հիմնադրամի աշխատանքի հաջորդ փուլը կլինի հանրապետության տարածքում պատմական հուշարձաններից այնպիսի մեկի վերականգնումը, որը կապված է Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պատմության հետ:

 15.12.2011

 
 
 
ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐ