hy  |  ru  |  en

28.05.2012, NEWS.am. Հայտարարվել է Օձունի վանքի վերականգնման մրցույթի հաղթողը

NEWS.am - http://news.am/arm/news/107189.html

Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կիրականացնի «ԼեւԳուգ» ՓԲԸ-ն: Մրցույթի հաղթողը պարտավորվում է ավարտել V-VII դարերի հայ ճարտարապետության մարգարիտի նորոգումն ու վերականգնումը երեք տարվա ընթացքում: Նախագծի արժեքը կազմում է 320 մլն դրամ:

Սույն թվականի մարտի 27-ին հայտարարված մրցույթին մասնակցեցին 8 հայկական շինարարական ընկերություններ: Մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության եւ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, երեք փուլերի ընթացքում քննարկելով հայտերը, ընտրեց երկու հավակնորդի: «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը լավագույնը համարել է «ԼեւԳուգ» ՓԲԸ առաջարկությունը:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կսկսվի շինարարական աշխատանքների կատարման թույլատրություն ստանալուց հետո: Այդ ժամանակացույցի պահպանումը եւ աշխատանքի որակը վերահսկելու է համատեղ իրազեկ հանձնաժողովը, հեղինակային վերահսկողությունը դրված է նախագծի կազմողների վրա: Արդեն ստորագրված է պայմանագիր տեխնիկական վերահսկողությունն իրականացնող մասնագետների հետ:

Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնման ծրագրի իրականացումը կդառնա պետության եւ մասնավոր բիզնեսի համագործակցության անդրանիկ օրինակը: Վերանորոգողները պարտավորվում են վերականգնել իրենց հանձնարարված շինությունը` խստագույնս համաձայն գիտականորեն հիմնավորված նախագծի: 

 
BENEFACTORS